Մաքուր սպորտի և արդարացի խաղի գաղափարը կարևորագույն արժեք է: Ահա թե ինչու Լեհաստանում առաջիկա ամռանը անցկացվելիք Եվրոպական ամառային երրորդ խաղերի գլխավոր խնդիրներից մեկն է հակադոպինգային վերահսկողության մանրակրկիտ գործընթացը։
Տեղի համապատասխան գործակալությունը ստուգումներ կիրականացնի թեստավորման միջազգային կազմակերպության (ITA) հետ: Նրանք պատասխանատու կլինեն հսկող կայանների, նմուշների հավաքման, տեղափոխման, անձնակազմի հավաքագրման և անհրաժեշտ սարքավորումների տրամադրման համար:
Եվրոպական խաղերում հակադոպինգային ծրագիրը հսկայական նախագիծ է: Մարզիկներից վերցված 1200 նմուշների թեստավորման գործընթացի համար կներգրավվեն 60 հսկիչներ, 33 անցակետ, 10 բուժքույր, 10 համակարգող և 120 կամավորական:
Հակադոպինգային լաբորատորիաներում արդեն ընթանում են նախապատրաստական աշխատանքները։ Երկրի լավագույն մասնագետները աշխատելու են չափազանց զգայուն սարքավորումների վրա: Որպեսզի թեստի արդյունքները վստահելի լինեն, կարևոր է ոչ միայն հետազոտողների բացառիկ պրոֆեսիոնալիզմը, այլև փոխադրման պայմանները և նմուշը լաբորատորիա առաքելու ժամանակը:
Թեստի արդյունքը կտրամադրվի ընդամենը 48 ժամում, մինչդեռ դա սովորաբար տևում է 20 օր: Եվրոպական խաղերի ընթացքում հակադոպինգային հսկողության գործընթացը լինելու է շուրջօրյա:
Եվրոպական խաղերը կանցկացվեն հիմնականում Կրակովում ու ևս ինը բնակավայրերում: